BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Բաքուն այլևս փաստարկ չունի Լեռնային Ղարաբաղի կարգավորման դեմ

Բաքուն այլևս փաստարկ չունի Լեռնային Ղարաբաղի կարգավորման դեմ
21.09.2016 | 12:18

Բաքվեցի քաղաքագետ, Քաղաքական ինովացիաների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն News. Az կայքում հետաքրքիր հայտարարություն է արել՝ «ԱՄՆ-ը շահագրգռված չէ ղարաբաղյան խնդրի լուծմամբ»: Հեղինակը ոչ միայն ցույց է տալիս տարածաշրջանում ու ոչ միայն այնտեղ եռացող գործընթացների մասին տեղացի քաղաքագետների տիպական պատկերացումների մակարդակը, այլև միջնորդավորված ցույց է տալիս վիրտուալ «նպատակային» հասցեատիրոջը, ում ուղղված են տեղեկատվությունն ու մեկնաբանությունը: Ահմեդօղլուն ինքնատիպ ու ինտրիգային է կառուցում իրադարձությունների շղթան՝ նպատակ ունենալով հարուցել լսարանի որոշակի արձագանքը, հիմնավորել որոշակի վարքը, գուցե նաև ստիպել գործելու:

Առաջին թեզիս. Լեռնային Ղարաբաղի կարգավորումը արդեն այն վիճակում չէ, ինչ եղել է մինչև ապրիլը: Կոնֆլիկտը ընկալվում է իբրև ակտիվ օջախ: Կոնֆլիկտը վերածվել է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի լուրջ դիմակայության առարկայի, որ «հասկանում են, որ Ռուսաստանի դեմ պետք է լրացուցիչ ճակատներ բացվեն»։ Վաշինգտոնը ղարաբաղյան խնդիրը դիտարկում է իբրև Ռուսաստանի հետ առճակատման բազմաթիվ ուղղություններից մեկը և այդ պատճառով շահագրգիռ չէ հարցի լուծման մեջ:


Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտում իրավիճակի սրումը այս տարվա ապրիլին, երբ պատերազմից 20 տարի անց Ղարաբաղում ադրբեջանական կողմը կարողացավ ռազմական ճանապարհով վերահսկողության տակ վերցնել տարածքի ինչ-որ մետրեր, ընկալվում է իբրև որոշակի ազդանշան: Այս իմաստով Ահմեդօղլուն ճիշտ է՝ հայտարարելով, որ կոնֆլիկտը դուրս է բերվել «սառեցված» կարգավիճակից և ակտիվ օջախ է դարձել, որ կարող է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Որոշ ռուս փորձագետներ տեսականորեն ենթադրում են, որ «ապասառեցումը» ձեռնտու էր ԱՄՆ-ին «Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու նպատակով» և թիկունքում պրոբլեմներ ստեղծելու Սիրիայում ռազմական գործողությունների համապատկերում: Բայց իբրև այս թեզիսի ապացույց ոչ մի փաստ չի բերվում: Ընդամենը նշվում է, որ ԶԼՄ-ները գրել են ապրիլյան պատերազմից առաջ Բաքվի հյուրանոցներում ամերիկացի զինվորականների բնակություն հաստատելու մասին:
Միակ երկիրը տարածաշրջանում, որ միանշանակ աջակցեց ադրբեջանական զինված ուժերի գործողություններին Լեռնային Ղարաբաղում, Թուրքիան էր: Կոնֆլիկտի սրման օրերին, երբ Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունները լարված էին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ աջակցում է Բաքվի քայլերին և նրա կողքին կլինի «մինչև վերջ»: Կանգնա՞ծ էր Վաշինգտոնն այդ ժամանակ Անկարայի թիկունքին:

Գուցե, բայց քիչ հավանական է: Դա ցույց տվեցին հետագա իրադարձությունները: Սկզբում ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների, առաջին հերթին Ռուսաստանի, հետո նաև Ֆրանսիայի, հավանությամբ ու աջակցությամբ, իր վրա վերցրեց Վիեննայում կոնֆլիկտի կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելու գործը: Հետո Ռուսաստանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հավանությամբ ու աջակցությամբ, և առաջին հերթին ԱՄՆ-ի, Սանկտ Պետերբուրգ բերեց Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին, որտեղ նրանց առաջարկվեց որոշումների համատեղ շարք՝ հետագա սրացումը թույլ չտալու համար: ՄԽ համանախագահների տարաձայնությունների դեպքում դա հնարավոր չէր: Ավելին՝ Մոսկվան, Վաշինգտոնը և Փարիզը կոչ արեցին «սկզբունքորեն խստիվ պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունները և թույլ չտալ 1994 և 1995 թթ. պայմանավորվածությունների խախտում», որոնցով ոչ միայն ամրագրվել է կրակի անժամկետ դադարեցումը, այլև փաստաթուղթը ստորագրել է Ստեփանակերտը: Ռուսաստանը չի ձգտում դուրս գալ խնդրի լուծման ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համաձայնեցված մոտեցումներից: Փաստ է, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների սամմիթները անցել են Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջնորդությամբ, որ միշտ աջակցել ու շարունակում են աջակցել «մադրիդյան սկզբունքների» տարբեր վարկածներին, այլ ոչ թե Մոսկվայի ինչ-որ էքսկլյուզիվ առաջարկներին, որոնք պարզապես գոյություն չունեն, որովհետև Ռուսաստանը, նույնիսկ Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշինք ունենալով, անկողմնակալ միջնորդի դիրքերում է, որը ցույց տվեց և ապրիլի սկզբին:


Երկորդ թեզիս. ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում, որ Ահմեդօղլուն անվանում է «երկիմաստ դիվանագիտական քայլ», իբր նպատակ ունի ակտիվացնել հայերին: Քաղաքագետի խոսքով՝ հարցազրույցը «անսպասելի հայտնվեց ԱՊՀ սամմիթի նախօրեին, որ խոչընդոտի Բիշքեկում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հավանական հանդիպմանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: ՈՒոռլիքի գլխավոր նպատակն է, ըստ Ահմեդօղլուի, «որ նախագահները ընդհանրապես չհանդիպեն»:
ՈՒոռլիքը հարցազրույցում պատմել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մասին, որի շրջանակներում դիվանագետները քննարկել են Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործընթացը, հետագա քայլերը, և՝ ինչպես կարող են ազդել գործընթացի վրա: ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահը հուլիսի վերջին ասում էր, որ իբր Սարգսյանն ու Ալիևը պայմանավորվել են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարման մասին՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի վերահսկողության մանդատի ընդլայնման մասին: Բայց հետո հենց Բաքուն սկսեց այդ համաձայնությունների իմաստը փոխել, ինչի պատճառով ձախողվեց նախագահների հերթական հանդիպումը Ռուսաստանում կամ Ֆրանսիայում: Բիշքեկում ԱՊՀ սամմիթի պահին Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ չէին բանակցությունների շարունակմանը, և ՈՒոռլիքը ոչինչ չի «ձախողել»: Նա նույնիսկ դժվարացել է ասել՝ առաջիկայում կկազմակերպվի՞ հանդիպում պետությունների ղեկավարների մակարդակով, ընդամենը հույս հայտնելով, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում կլինի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, և հավելել, որ «կցանկանար հույս ունենալ, որ այնտեղ կկայանա» նաև Ալիևի ու Սարգսյանի հանդիպումը:


Երրորդ թեզիս. «ԱՄՆ-ը այնպես է կառուցել իր աշխատանքը Ռուսաստանում, որ Պուտինը չի կարող զբաղվել Լեռնային Ղարաբաղի հարցով,- գրում է Ահմեդօղլուն:- ՌԴ նախագահի պասիվությունը Լեռնային Ղարաբաղի հարցում ուղեկցվում է ՌԴ ԱԳՆ-ի ակտիվությամբ, որը ձգտում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան համարյա թե հայտարարություն ընդունի համաշխարհային կոնֆլիկտները ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա լուծելու մասին»:


Ոչ մի փաստ չկա, որ ԱՄՆ-ը «խանգարում է» ՌԴ նախագահին զբաղվելու Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցերով: Հակառակը, Պուտինն անձամբ, ի տարբերություն Օբամայի ու Օլանդի, ձեռնարկել, ձեռնարկում ու ձեռնարկելու է ջանքեր Լեռնային Ղարաբաղի հարցում փոխզիջման հասնելու նպատակով: ՌԴ նախագահը տրտնջում է, որ երբեմն ստիպված է լսել, որ իբր Մոսկվան փորձում է մենաշնորհել կարգավորման աշխատանքը, մի կողմ մղելով մյուս միջնորդներին: Դա մոլորություն է: Ղարաբաղյան թեմայով եռակողմ հանդիպումները ՌԴ նախագահի մասնակցությամբ (մոտ քսան հանդիպում), օրգանապես լրացնում են ԵԱՀԿ ՄԽ ջանքերը: ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահները ներկա էին Սանկտ Պետերբուրգի հանդիպման եզրափակիչ մասին: Այդ ուղղությամբ Պուտինը որոշակի սրբագրում արեց Ռուսաստանի դիրքորոշման մեջ:


Առաջին՝ նա ևս մեկ անգամ հաստատեց, որ գործում է կոնֆլիկտի գոտում զինադադարի պայմանագիրը, որ ստորագրվել է Մոսկվայի աջակցությամբ 1994-ի մայիսին և որի տակ, կրկնում եմ, Բաքվի, Երևանի ու Ստեփանակերտի ստորագրություններն են: Երկրորդ՝ Պուտինը կարծում է, որ կոնֆլիկտը պետք է կարգավորվի միայն քաղաքական ճանապարհով: Երրորդ՝ ՌԴ նախագահը նշեց, որ Մոսկվան չի փորձում Ադրբեջանին ու Հայաստանին պարտադրել ինչ-որ պատրաստի դեղագրեր, և «կողմերը պետք է իրենք՝ առանց արտաքին ճնշման, պայմանավորվեն»: Չորրորդ՝ Պուտինն առաջին անգամ ասաց, որ «կոմպրոմիսի ձեռքբերումը նախատեսում է տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև օպտիմալ հավասարակշռություն գտնելը»՝ չօգտագործելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտության մասին թեզիսը: Հինգերորդ՝ նա ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերջնանպատակը պետք է դառնա պայմանավորվածությունը, երբ չեն լինի հաղթողներ ու պարտվողներ, իսկ զիջումները կլինեն փոխադարձ:


«Լրահոսի» մասին՝ իբր ՌԴ ԱԳՆ-ն ջանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում համաշխարհային կոնֆլիկտների՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա կարգավորման հայտարարություն ընդունել, REGNUM-ին հայտնի է, որ ՄԽ որոշ համանախագահներից, իրոք, եղել են ՄԱԿ-ի ԱԽ-ով Լեռնային Ղարաբաղի հարցով նոր բանաձև անցկացնելու առաջարկներ, «հաշվի առնելով նոր հանգամանքները»: Այլ տեղեկություններ չկան: Այլ առիթով հայտնի է, որ վերջերս ԱՄՆ 12 կոնգրեսականներ (9 հանրապետական և 3 դեմոկրատ) Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացրել են բանաձև, որտեղ ԱՄՆ Կոնգրեսը և միջազգային հանրությունը խնդրում են աջակցել Իրաքի կառավարության կողմից Նինվեի հարթավայրի նահանգի կարգավիճակի ճանաչմանը՝ «տեղաբնիկ ժողովուրդների ինքնորոշման» իրավունքի չափանիշներին համապատասխան: Փաստորեն՝ ինքնորոշման իրավունքը հաջողություն է վայելում:


Չորրորդ թեզիս. Ահմեդօղլուն պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը այսօր օրակարգում է սիրիական խնդրի ենթատեքստուն: Որ «կոնֆլիկտը հիմա ԱՄՆ-ի ձեռքում տարածքային ամբողջականության սպառնալիք է Ռուսաստանին ու Իրանին»: Նա կարծում է, որ «Բաքվի ու Թեհրանի միջև հնարավոր չէ կայուն դիրքորոշում ստեղծել», իսկ «Ադրբեջանի գլխավոր մեղադրանքը Իրանին կապված է Թեհրանի ու Երևանի հարաբերություններին»: Նրա խոսքով՝ «Իրանը մտածում է, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հարցը պահում է, որ տարածաշրջան բերի Իսրայելին ու ԱՄՆ-ին», այդ պատճառով՝ «Հայաստանը Թեհրանին իր համար ընդունել է որպես ոգևորության լուրջ աղբյուր»:


Մենք համաձայն ենք բաքվեցի քաղաքագետի հետ, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը ինտերնացիոնալացվել է: Իրադարձությունների այդօրինակ զարգացմանը հանգեցրել են նախ և առաջ Ադրբեջանի գործողությունները դեռ Հեյդար Ալիևի նախագահության ժամանակներից: Եթե վերարտադրենք ղարաբաղյան հարցին Բաքվի քաղաքական դիրքորոշումների հաջորդականությունը, հեշտ է նկատել հստակ օրինաչափությունը՝ ամեն պարույրում ընտրվել է այն առաջարկը, որը տարել է փակուղի, որից հետո գործընթացը նորից սկսվել է, բայց ավելի լարված ու տարել է դեպի ավելի խոր ճգնաժամի, նոր կոնֆլիկտաստեղծ գործոնների ի հայտ գալու: Ադրբեջանը վաղուց պիտի հասկացած լիներ, որ հենց այդ պատճառով է անհնար պարզապես «վերականգնել 1988-ի ստատուս քվոն»: Հարավսլավիայի տրոհումը, իրադարձություններն ՈՒկրաինայում ու Մերձավոր Արևելքում ցույց են տալիս, որ բարդ իրավիճակներից ելքը հաճախ դիտարկվում է միջազգային իրավունքի նորմերի ու գործակարգերի փոփոխությամբ՝ անկախ պետության, որ օգտվում է համընդհանուր ճանաչում գտած իրավունքներով, և իրավունքներ չունեցող «ազգային փոքրամասնության», որ բախվոմ է պայքարելու կամ անհետանալու այլընտրանքին, միջև հավասարակշռության որոնումների ուղղությամբ: Եթե սիրիական խնդիրը «կապենք» Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին, փոխկապվածության շղթան կառուցվում է ռուս-թուրքական և թուրք-ադրբեջանական հարաբերություններից, այլ ոչ ռուս-ադրբեջանական: Բաքուն դիրքավորվում է իբրև Թուրքիայի ռազմավարական գործընկեր, որին երկար ժամանակ ու անարդյունք փորձում է ներգրավել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մեջ: Բավական է հշել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, որ ԼՂ հարցը կարող է քննարկվել ՌԴ-Թուրքիա-Ադրբեջան ձևաչափով: Կարող է, բայց չի քննարկվի, եթե իհարկե, Մոսկվայի մեջ «չարթնանա» լենինյան ցանկությունը բոլորի թիկունքում իր շահերի համար փոխանակել Սիրիայում թուրքերի դիրքերի և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:


Տեղեկացված փորձագետները հաստատում են, որ կա նախագիծ, որով Սիրիան պետք է դադարի գոյություն ունենալ իբրև միասնական պետություն՝ տարածքների մի մասը կանցնի Անկարային, Գոլանի բարձունքները կմնան Իսրայելին, մասնատված երկրի մյուս մասերում կստեղծվեն քրդական, գուցե նաև դրույզների պետական կազմավորումներ: Բայց կա նաև Թուրքիայի արևելյան մասում քրդական ինքնավարության ստեղծման նախագիծ՝ հետագայում Իրաքի Քրդստանի հետ միասնական պետություն կազմելու հեռանկարով: Քաղաքական բարդ ինտրիգի ելքերը դեռ պարզ չեն: Կա խնդիր, որ մեզ տանում է Իրան: Պատմականորեն երկու ժողովուրդները՝ ադրբեջանցիներն ու իրանցիները, եղել են Պարսկական, այլ ոչ Օսմանյան կայսրության մաս: Այդ ժամանակներից կողմերից յուրաքանչյուրը մյուսի նկատմամբ հավակնություններ ունի: Մինչև XIX դարասկզբի ռուս-պարսկական պատերազմները տարածքները, որոնց վրա հետագայում ձևավորվեցին ժամանակակից Ադրբեջանն ու Հայաստանը, խանությունների տեսքով եղել են Պարսկական կայսրության կազմում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Իրանում արթնացավ նախկին աշխարհաքաղաքական մենթալիտետը, հատկապես երբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը սկսեց թեքվել Թուրքիայի կողմը: Շիական Ադրբեջանը սկսեց ռազմավարական ալյանս կառուցել սուննի Թուրքիայի հետ, որ ոչ մի կերպ Իրանին ձեռնտու չէ: Փաստ է, որ Թեհրանը Բաքվի ու Երևանի հետ վարում է Մոսկվային նույնական քաղաքականություն՝ հավասարահեռության և ուժերի հավասարակշռության մակարդակով շահագրգռվածության: Բայց դա առայժմ:


Եզրակացություն. Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման իդեալական սցենարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար ենթադրում է հաղթողների ու պարտվողների բացակայություն: Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան աշխատում են այդ ուղղությամբ ոչ առաջին տարին և լավ գիտեն՝ որտե՞ղ են թաքնված ստորջրյա խութերը: Հիմա նրանք մտահոգված են միայն Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացված համաձայնությունները կյանքի կոչելու հարցով: Խոսքը, հիշեցնեմ, հրադադարի ռեժիմի պահպանության, ԵԱՀԿ դիտորդների խմբի մեծացման մասին է: Սակայն եթե կողմերից մեկը այս պայմանավորվածությունները սաբոտաժ է անում, առաջընթացի մասին խոսելիք չկա: Պատահական չէ, որ կոնֆլիկտի կողմերը տարբեր պատճառներով ու տարբեր նպատակներով խոսեցին նախկին համաձայնությունների փոփոխության անհրաժեշտության մասին: Խնդիրը դժվար է, այս փուլում ընդհանրապես դժվար պատկերացնելի: Պատահական չէ, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասաց, որ առայժմ տվյալներ չկան հակամարտող կողմերի հնարավոր հանդիպման մասին: Չի բացառվում, որ նախարարական մակարդակով հանդիպում, այնուամենայնիվ, կայանա Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակում: Միջնորդները բոլոր ջանքերը կգործադրեն, որ խաղաղարար գործընթացի սկսված տեղապտույտն այդքան տեսանելի չլինի:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Ինչո՞ւ Անկախության տոնին խոսել այս ամենի մասին: Որովհետև Լեռնային Ղարաբաղը մեր անկախության մասն է, որ քառորդ դար ու ավելի մեզ հետ է իր անկախացման պատմությամբ: Որովհետև կա Եռաբլուր ու կա ապագա:


Ռուսական ինքնարդարացման բոլոր դրսևորումները մի կողմ՝ քարոզչությունը մնում է քարոզչություն, որ ինքն է ընտրում իրականության որ կողմերին անդրադառնալ, որոնք շրջանցել, որոնք անտեսել, փաստը մնում է փաստ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարզապես պարտավոր է «նոր հանգամանքներին» անդրադառնալ՝ ամբողջ հազարամյակ է փոխվել, ի հայտ են եկել նոր իրողություններ ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում, որոնց համարժեք գնահատական պիտի տրվի ԼՂ կոնֆլիկտին՝ ի տարբերություն անցյալ դարի վիճելի բանաձևերի, որոնք ընդունվել են պատերազմի ժամանակ: ՈՒ՝ ընդհանրապես գուցե հիմա ոչ թե խաղաղարար միջնորդության տեղապտույտի, այլ նոր սկզբունքների ի հայտ գալու ժամանակն է:
Քառորդ դար առաջ հարցը շատ ավելի պարզ էր ու լուծվում էր մի բառով՝ «Միացում»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ